Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ
26.11.2010 | 00:00

Ռուսաստանի հետախուզական ծառայությունները վերջին ժամանակներս ցնցում են աննախադեպ ուժի սկանդալներ, ուստի այդ կարևորագույն կառույցներում իրավիճակը մնում է ռուսաստանյան և համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների ուշադիր ուսումնասիրության առարկա։ Այսպես, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Շչերբակովի ազգանվան տակ թաքնվում էր ուրիշ փախստակ` 12-րդ վարչության «ամերիկյան» բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Պոտեևը, լրագրողներն սկսեցին եռանդագին պարզել ամենաարժեքավոր աշխատակիցներից մեկի դավաճանության պատճառները, որը, իրոք, շատ-շատ բան գիտեր, այդ թվում` իր ղեկավարության բիզնես-շահերի մասին։ Վերջերս ռուսական «Նովայա գազետա» լրագրում հոդված էր հրապարակվել, որի մեջ մասնավորապես ասվում էր, որ այն «սենսացիաները», որոնց միջոցով ԶԼՄ-ները փորձում էին բացատրել սպաների փախուստը` ենթադրելով ահաբեկում և սպառնալիքներ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, ոչ մի հիմք չունեն։ Տեղի ունեցածի պատճառները, ավա՜ղ, սովորական են` «կաշառասունություն և մեծ փողեր, որոնք ռուսական հատուկ ծառայությունների վերնախավային սպաները վաստակում են կամ լվանում արտասահմանում»։ Այնուհետև թերթը շատ հետաքրքիր տվյալներ է բերում այն մասին, որ 2003-ին Պոտեևների կյանքում արտակարգ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով, ինչպես հաղորդվել էր ՆԳՔՎ-ի ամփոփագրերում, «մի քանի անհայտ անձինք, ներկայանալով որպես միլիցիայի աշխատողներ, թափանցել էին բնակարան` սպառնալով երկու ատրճանակով, սոսնձաժապավենով կապկպել էին 33949 զորամասի բաժնի պետ Ալեքսանդր Նիկոլաևիչ Պոտեևին և հափշտակել զգալի քանակությամբ արժեքներ»։ Նկատենք, որ երբ պայթել էր Պոտեևի հետ կապված սկանդալը, ԶԼՄ-ները հաղորդել էին, թե բնակարանի վրա հարձակումը կազմակերպել է ԿՀՎ-ն։ Իբր ամերիկացիները հավաքագրման նախնական փուլում ցանկացել էին Պոտեևին ցույց տալ, թե իր երկրում նա անպաշտպան է ավազակների առջև, և ավարառության համար վարձել էին կաշառասուն միլիցիոներների։ Սակայն, հաղորդում է լրագիրը, այդ ավազակախումբը երկար էր «աշխատել» Մոսկվայում, «ըստ նախնական վարկածի ավարառությամբ ու կողոպուտներով զբաղվում էին հատուկ ծառայություններից մեկի ջոկատի մարտիկները», և նրանք շատ իրազեկ ուղղորդող ունեին։ Արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ արտաքին հետախուզական ծառայության անանուն աղբյուրները հաղորդել էին, որ, Պոտեևից բացի, կողոպուտների զոհ էին դարձել թիվ 33949 զորամասի ևս մի քանի բարձրաստիճան սպաներ (ոչ գաղտնի աղբյուրներից կարելի է պարզել, որ այդ թվերի հետևում թաքնվում է ոչ թե բանակային զորամաս, այլ արտաքին հետախուզության ծառայությունը)։ Այդ «զորամասն» առաջին անգամ լայն հանրությանը հայտնի էր դարձել 1997-ին` Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ռուսաստանին տրամադրված 500 մլն դոլար ածխային փոխառության անհետացման հետ կապված սկանդալից հետո։ Փողերը նախատեսվում էին ածխարդյունաբերությունն արդիականացնելու, ածխահատների աշխատավարձը վճարելու և նրանց այլ մասնագիտությունների գծով վերաորակավորելու համար։ Սակայն, Ռուսաստան հասնելուն պես, փողերը գոլորշացել էին։ 33949 զորամասի ներսում երկրորդ սկանդալը տեղի էր ունեցել 2000-ին, երբ ներքգործնախարարության աշխատակիցներն ընկել էին Պոդոլսկից հայտնված ավազակախմբի հետքին, որը զբաղվում էր մարդկանց առևանգմամբ` փրկագին ստանալու և պատվիրովի սպանություններ իրականացնելու նպատակով։
Պարզվել է, որ ավազակախմբի անդամներն ԱԱԾ-ի, ներքգործնախարարության նախկին աշխատակիցներն էին, իսկ ավազակներին ուղղորդողը 33949 զորամասի զինծառայողուհի Իրինա Մաքսիմովան էր։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին մեծ քանակությամբ պարտամուրհակներ, հրազեն և բեյսբոլի մականներ արյան հետքերով։ Այդ նույն թվականին միլիցիոներները ձերբակալել էին գնդապետ Պ.-ին, որը միլիցիոների մահակով ծեծել էր ձեռնարկատեր Կրավցովին։ Ինչպես պարզվել է, նախկին հետախույզ ընդհատակայինը չէր ցանկացել դրամական պարտքը տալ և այդ կերպ որոշել էր վանել ձանձրացրած պարտատիրոջը։ Կարելի է վերհիշել նաև, թե 2002-ին ավտոտեսուչներն ինչպես էին գիշերվա կեսին հետապնդել հետախույզին, որը հարբած վիճակում փորձել էր մեքենայով պտտվել Մոսկվայում։ Հետապնդումը վերջացել էր այն ժամանակ, երբ խոցել էին հարբած «կտրիճի» մեքենայի երկու անիվները։ Ընդ որում, ավտոտեսուչները պարպել էին «Կալաշնիկով» ինքնաձիգի մի ամբողջ փամփշտակալ։ Բացի այդ, արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները լիակատար թափթփվածության օրինակ էին ցույց տվել. նրանցից յոթը կորցրել էին ծառայողական վկայականները, հինգը` գրանցված զենքը։ Բայց դա ամենը չէ։ Դատելով ներքգործքաղվարչության ամփոփագրերից, խմիչքը խելքահան է անում ոչ միայն շարքային ռուս լրտեսներին։ Մեջբերում ենք. «Ծառայությունից տուն գալուց հետո, հարբած վիճակում, 33949 զորամասի սեկտորի պետ Ալեքսանդր Մ.-ն ննջասենյակում ընտանեկան վեճի հետևանքով կնոջ ու երեխաների ներկայությամբ իրեն պատկանող «Բրաունինգ» ատրճանակով կրակել էր գլխին»։ Եվս մի փաստ 33949 զորամասի «կենսագրությունից»։ 2003-ի ապրիլի 22-ից մինչև 2003-ի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում զորամասի տարածքում գործել էր մաքսային վերահսկողության ժամանակավոր գոտի։ Թե հետախույզներն ինչու էին կարիք ունեցել վերաորակավորվելու որպես մաքսավորներ, մնում է միայն կռահել։ Ասում են, թե հենց միայն արտասահմանյան մակնիշի մի քանի հարյուր մեքենա էին «մասնատել»։ Չհաշված չինական ու թուրքական «փալաս-փուլուսներով» վագոնները, որոնք ժամանել էին Պավելեցկի կայարան։ Այժմ անցնում ենք ամենագլխավորին. արտաքին հետախուզության ծառայության բարձրաստիճան մասնագետ, հետախույզ Պոտեևն ինչո՞ւ էր դարձել փախստակ։ Դա գիտակցված դավաճանությո՞ւն էր, կաշառասուն գործընկերների դա՞վ, թե՞ նրան ամերիկացիներն էին բռնացրել ինչ-որ բանում և համոզել աշխատակցել իրենց հետ։ Ահա թե ինչ վարկած է առաջ քաշել արտաքին հետախուզության ծառայության մի նախկին աշխատակից, որը թոշակի է անցել անցյալ տարի (նա հիանալի ճանաչում էր Պոտեևների ընտանիքը). «Ավելի շուտ ամերիկացիները «ճանկել էին» Պոտեևի կնոջը կամ դստերը։ Վարչությունում բոլորը գիտեին, որ նրանք «խորհրդատվական» ծառայություններ էին մատուցում մեր պաշտոնյաներին, չեկիստներին և զանազան թափթփուկների, որոնք միլիոններ էին գողացել, իրենց փողերն Ամերիկայում տեղավորելու համար։ Հասկանալի է, ոչ հենց այնպես»։ Այնուհետև թերթը և նրա զրուցակիցը հարց են տալիս. «Ի՞նչն է ավելի վատ` այստեղ փողեր գողանալ և օրենքով գողերի հետ գրկախառնվե՞լ, թե՞ վազել ամերիկացիների մոտ և հանձնել անարժեք ընդհատակայինների, որոնց հետո կպարգևատրեն շքանշաններով, նրանք կսկսեն հուշեր գրել և նկարահանվել գովազդներում»։ Իր հետազոտության արդյունքների հիման վրա «Նովայա գազետան» ամփոփում է. «Եթե ընդունենք արտաքին հետախուզության ծառայության նախկին աշխատակիցների վարկածները, ապա հասկանալի կդառնա, թե 11 ռուսաստանցի լրտեսների ձախողումից հետո արևմտյան ԶԼՄ-ներում ինչու սկսեց տեղեկություն երևալ այն մասին, որ հետախույզները ոչ այնքան զբաղվում էին իրենց անմիջական գործով, որքան մոսկվացի պետերին օգնում ճիշտ զետեղելու իրենց փողերն Արևմուտքում կամ այնտեղ փող աշխատելու։ Եթե նման գործելակերպը մասնակի դեպք չէ, և արտասահմանում հաջողությամբ բիզնես է անում ոչ միայն Պոտեևների ընտանիքը, այլև Ռուսաստանի գաղտնիքներին իրազեկ այլ բարձրաստիճան այրեր, ապա առաջիկայում մեզ դեռ շատ «լրտեսական սկանդալներ» են սպասում, որոնք օտարերկրյա հատուկ ծառայությունների գործերը կհամալրեն մեր կաշառասունների ազգանուններով»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ